Միջազգային

«Արդար խաղաղությունը հաղթանակ կլինի Ռուսաստանին և Ուկրաինային». Էրդողան

«Արդար խաղաղությունը հաղթանակ կլինի Ռուսաստանին և Ուկրաինային». Էրդողան

Թուրքիայի նախագահը ողջույնի խոսքով դիմել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների մասնակիցներին: «Հրադադարը և խաղաղությունը բխում են սևծովյան տարածաշրջանի բոլոր երկրների շահերից». այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի՝ Ստամբուլի «Դոլմաբահչե» պալատում դիմելով ռուս-ուկրաինական բանակցությունների մասնակիցներին։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան, որպես տարածաշրջանում բազմաթիվ անախորժությունների ականատես երկիր, ձեռնարկել և անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Սև ծովի հյուսիսում նման ողբերգական պատկեր չլինի։

«Ճգնաժամի առաջին իսկ օրից մենք անկեղծ ջանքեր ենք գործադրել՝ կանխելու առճակատման սրումը։ Անկարան արել է այն ամենը, ինչ պահանջում են բարիդրացիության, բարեկամության, հումանիզմի սկզբունքները»,- հայտարարել է Էրդողանը։ Նա ընդգծել է, որ Թուրքիան երբեք չի հրաժարվել տարածաշրջանում խաղաղության և կայունության պատասխանատվությունից։ Էրդողանի խոսքով՝ Անկարան հավատարիմ է արդար դիրքորոշմանը բոլոր միջազգային հարթակներում՝ ձգտելով հաշվի առնել երկու կողմերի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի շահերը, իրավունքները և դիրքորոշումները։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Ուկրաինայում արդեն հինգերորդ շաբաթը շարունակվող ռազմական գործողությունները խորապես մտահոգում են նաև Թուրքիային։ «Յուրաքանչյուր զոհված մարդ, ավերված յուրաքանչյուր շենք, տնտեսության և բարեկեցության փոխարեն հակամարտությունների վրա ծախսվող գումարները կորցնում են մեր ընդհանուր ապագան»,- ընդգծել է Էրդողանը։

Նախագահը վստահություն է հայտնել, որ կողմերը կարող են կանգնեցնել ողբերգությունը։ «Արդար խաղաղությունը կլինի բոլոր կողմերի հաղթանակը, իսկ շարունակվող բախումները կողմերից ոչ մեկին օգուտ չեն բերի: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացն այն մակարդակի վրա է, որտեղ հնարավոր են կոնկրետ արդյունքներ։ Համաշխարհային հանրությունը այս հանդիպման մասնակիցներից դրական որոշումներ է ակնկալում»,- ընդգծել է նախագահը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական