Միջազգային

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը կվճարի 5 մլն եվրո

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը կվճարի 5 մլն եվրո

Ըստ քննիչների՝ 2008 թվականին Դավիթ Կեզերաշվիլին այդ գումարը փոխանցել է օֆշորային ընկերություններից մեկին՝ իբր Վրաստանում զորավարժությունների կուրս անցկացնելու համար, սակայն զորավարժություններ այդպես էլ չեն կայացել։

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիին և պետական ​​գնումների վարչության նախկին ղեկավար Ալեքսանդր Նինուային պարտավորեցրել է ավելի քան 5 միլիոն եվրոյի փոխհատուցում վճարել՝ պաշտպանության նախարարությանը պատճառված վնասի համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից։

Գերատեսչության տվյալներով՝ խոսքը գնում է, այսպես կոչված, «զորավարժության գործով» պետական ​​միջոցների վատնման մասին։ Ըստ քննիչների՝ 2008 թվականին նախարարը ավելի քան 5 միլիոն եվրո է փոխանցել օֆշորային ընկերություններից մեկին՝ իբր Վրաստանում զորավարժություններ անցկացնելու համար, սակայն զորավարժություններն այդպես էլ տեղի չեն ունեցել։ 2021 թվականի սեպտեմբերի 7-ին Վրաստանի Գերագույն դատարանը հեռակա կարգով Կեզերաշվիլիին դատապարտեց հինգ տարվա ազատազրկման, որից հետո պաշտպանության նախարարությունը դիմեց դատարան՝ պահանջելով փոխհատուցել վնասի համար։

Կեզերաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2006-2008թթ.՝ նախագահ Սաակաշվիլիի օրոք։ 2008-ի օգոստոսյան մարտերից հետո նա թողել է պաշտոնը և զբաղվել մասնավոր բիզնեսով։ 2012 թվականին իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի՝ իշխանության գալուց հետո նախկին նախարարի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել։ Կեզերաշվիլին ներկայումս գտնվում է Վրաստանի սահմաններից դուրս։ Նրան հայտարարվել է հետախուզում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական