Ադրբեջանի ՊՆ-ն «ափսոսանք է հայտնել Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ի միակողմանի և իրականությանը չհամապատասխանող հայտարարության» կապակցությամբ։ Ըստ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության` ՌԴ ՊՆ հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների ոգուն և ռազմավարական փոխգործակցության Հռչակագրին։ Ավելին` «Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը և չի խախտել դրա որևէ դրույթ։ Մինչդեռ, հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ Ադրբեջանի տարածքից հայկական բանակի մնացորդների և անօրինական հայկական զինված խմբավորումների ամբողջական դուրսբերումը դեռևս չի իրականացվել։ Ուստի հայտարարության դրույթները խախտում է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ մարտի 24-25-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է եռակողմ հայտարարության դրույթները: