Միջազգային

Իրանը պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների հինգերորդ փուլին

Իրանը պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների հինգերորդ փուլին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանի և Էր Ռիադի հարաբերություններն անվանել է «ոչ այդքան լավ» և ասել, որ Իրանը պատասխանատու չէ ստեղծված իրավիճակի համար, սակայն պատրաստ է բանակցությունների հինգերորդ փուլ անցկացնել Սաուդյան Արաբիայի հետ, հաղորդում է Mehr-ը։

«Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կապերը բախվում են մարտահրավերների, և մենք ամեն ինչ անում ենք երկու երկրների միջև երկխոսության դռները բաց պահելու համար»,- ասել է նա լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ հենց Սաուդյան Արաբիան է խզել հարաբերությունները Իրանի հետ, մինչդեռ Թեհրանը բարեկամական հարաբերություններ է պահպանում արաբական շատ երկրների, ներառյալ՝ Քուվեյթի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։

Իրանի արտգործնախարարը նաև նշել է, որ Սաուդյան Արաբիայի հակասական պահվածքը, օրինակ՝ 81 մարդու մահապատիժը, բացասաբար է ազդել Թեհրանի հետ հարաբերությունների վրա, և Իրանը չի մոռանա Մինայում աղետի հետևանքով Իրանի 460 քաղաքացիների մահը։ 

Ինչ վերաբերում է Եմենում պատերազմին, նա նշել է, որ ինքնիշխանությունը պաշտպանելը եմենցիների գործն է, սակայն Իրանը ողջունում է պատերազմի ավարտը և ապաշրջափակումը և հերքել է այն կարծիքը, թե այն ամենը, ինչ կատարվում է Եմենում, կապված է Իրանի հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական