Միջազգային

Ամերիկան ձգտում է եվրոպական շուկա մտցնել ամերիկյան գազը. Կարեն Սարգսյան

Ամերիկան ձգտում է եվրոպական շուկա մտցնել ամերիկյան գազը. Կարեն Սարգսյան

Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում արգելել է դոլարի և եվրոյի վաճառքն այդ երկրին: Ի պատասխան դրա, ՌԴ-ն Եվրոպայից պահանջել է գազի դիմաց վճարումները կատարել ռուբլով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս առնչությամբ նշել է, թե «Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների համար վճարումներ ընդունել դոլարով և եվրոյով և կանցնի ռուբլով հաշվարկին»: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան կշարունակի գազ մատակարարել ավելի վաղ կնքված պայմանագրերով նախատեսված ծավալով և սահմանված գնով: 

Տնտեսագետ Կարեն Սարգսյանի խոսքով՝ գազի և նավթի դիմաց Ռուսաստանը Եվրոպայից կարող է պահանջել միջազգային այլ արժույթ. «Եթե դոլար կամ եվրո չեն օգտագործում, կարող են պահանջել միջազգային արժութային հատուկ փոխառության իրավունք, դա միջազգային վճարամիջոց է, որը արժույթի միջազգային հիմնադրամն է սահմանել»։

Արևմուտքի՝ այլընտրանքային գազ ձեռք բերելու հավանականությունը քննարկելով, Սարգսյանն ասաց, որ լուծում կարող է լինել ամերիկյան հեղուկ գազը. «Այս ամենի արդյունքում Ամերիկան ձգտում է, որ եվրոպական շուկա մտնի ամերիկյան գազը, ինչը, բնականաբար, որակապես զիջում է ռուսական գազին, ինչպես նաև՝ տեղափոխման տրանսպորտային ծախսերը կարող են շատ մեծ լինել։ Գազի 40%-ը Ռուսաստանն է ապահովել, և միանգամից այդքանը լրացնել ոչ տեխնիկապես, ոչ ֆիզիկապես հնարավոր չէ, սա աստիճանաբար պետք է լինի»։

Տնտեսագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Եվրոպայի համար Ռուսաստանից գազ ստանալը շատ ավելի էժան է, քան օրինակ Իրանից, Ադրբեջանից, Ամերիկայից ներկրելը. «Այլընտրանքներ կան, կարող են դիտարկել, բայց ամբողջովին ու միանգամից փոխարինել ռուսական գազին, կարծում եմ՝ չի լինի, ժամանակ է պետք դրա համար, պետք է ուսումնասիրեն, նոր պայմանագրեր կնքեն, գները համաձայնեցնեն, հաշվարկվի՝ ինչ ինքնարժեքով է գազը լինելու, ձեռնտու է, թե ոչ»։

Ամեն դեպքում, Սարգսյանն ընդգծեց. «Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ դեմ են հանդես եկել ու չեն հաստատել ռուսական գազից հրաժարվելու միտքը»։

Ոսկեհատ Պողոսյան 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական