«Պնդումները, թե Թուրքիան կարող է Ուկրաինային S-400 մատակարարե՝լ պատժամիջոցները չեղարկելու դիմաց, նպատակ ունեն հարվածել Անկարայի հեղինակությանը։ Թուրքիայի իշխանությունները չեն կարողանա միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, քանի որ չեն կարող թույլ տալ իրենց քաղաքացիներին՝ «սառել» առանց ռուսական գազի»,- ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ես դա վաղուց եմ բացատրել, քանի որ այսօր մեր սպառած բնական գազի մոտ կեսը ստանում ենք Ռուսաստանից։ Բացի այդ՝ այսօր մենք Ռուսաստանի հետ կառուցում ենք մեր Աքկոյու ատոմակայանը։ Մենք չենք կարող այս ամենը մի կողմ թողնել։ Երբ ես սա ասում եմ Մակրոնին, նա ասում է. «Դուք իրավացի եք»: Այնպես որ՝ ոչինչ անել հնարավոր չէ, մենք պետք է պահպանենք մեր նրբանկատությունը այս հարցում։ Նախ, ես չեմ կարող իմ ժողովրդին թողնել, որ ձմռանը սառչեն, և երկրորդը՝ չեմ կարող ամբողջությամբ վերափոխել մեր այս արդյունաբերությունը»,- Էրդողանի խոսքերն է մեջբերել Hurriyet թերթը։
Էրդողանի խոսքով՝ թուրքական պետության իշխանությունները «պետք է պաշտպանեն իրենց քաղաքացիներին. «Մենք ունենք 85 միլիոն բնակչություն։ Մենք կատարում ենք բոլոր պարտավորությունները, որոնք մեզ վրա են դրված։ Բացի այդ՝ 56 բեռնատար մարդասիրական օգնություն ենք ուղարկել ուկրաինացիներին։ Մենք նրանց սնունդ, հագուստ, դեղորայք ենք մատակարարում, ու առաքումները կավելանան»,- հավելել է Էրդողանը։
Անկարան բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, որպեսզի չվնասի սեփական տնտեսությանը և բաց չթողնի Ռուսաստանի հետ երկխոսության դաշտը։