Միջազգային

Մերձավորարևելյան շրջագայության ընթացքում Բլինկենը կքննարկի Իրանի հարցը. ԱՄՆ Պետդեպ

Մերձավորարևելյան շրջագայության ընթացքում Բլինկենը կքննարկի Իրանի հարցը. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը իր առաջիկա մերձավորարևելյան շրջագայության ընթացքում մտադիր է քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը։ Այդ մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել է Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի օգնական Յաել Լեմպերտը։

Բլինկենի ուղևորությունը կտևի մարտի 26-30-ը: Այն կսկսվի Իսրայելից, որտեղ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կհանդիպի հրեական պետության ղեկավարության հետ։ Այնուհետև նա կմեկնի Ռամալլա, որտեղ բանակցություններ կվարի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի և քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Դրանից հետո պետքարտուղարը կայցելի Մարոկկո և Ալժիր։

«Ես ակնկալում եմ, որ Իրանի թեման կքննարկվի մեր բոլոր հանդիպումներում: Այն, ինչպես գիտեք, մեծ հետաքրքրություն է ներկայացնում տարածաշրջանի մեր բոլոր գործընկերների համար»,- հավելել է Լամպերտը։ 

Հիշեցնենք՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA) և Իրան-Արևմուտք միջուկային գործարքը ենթադրում են Իրանի՝ միջուկային ծրագրից հրաժարում և դրա դիմաց իրանական սանկցիաների չեղարկում կամ թուլացում:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական