Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հորդորել է ժամանակավորապես սահմանափակող միջոցներ չկիրառել ռուս գործարար Ռոման Աբրամովիչի նկատմամբ, քանի որ նա կարող է օգնել Ռուսաստանի հետ բանակցություններում։
Հրապարակման Wall Street Journal-ի աղբյուրների՝ մարտի սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր պատրաստել Աբրամովիչի դեմ, սակայն, երբ եկել է ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային զուգահեռ միջոցներ հայտարարելու ժամանակը, Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհուրդը ֆինանսների նախարարությանը խնդրել է ձեռնպահ մնալ միջոցառումներից։
Ըստ Wall Street Journal-ի աղբյուրների՝ պատճառն այն է, որ Զելենսկին վերջերս կայացած հեռախոսազրույցում Բայդենին հորդորել է հետաձգել պատժամիջոցները հրեական ծագումով ռուս օլիգարխ Աբրամովիչի նկատմամբ, քանի որ նա կարող է կարևոր միջնորդ լինել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում:
Աբրամովիչի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել նրա մասնակցությունը բանակցային գործընթացին։ «Ինչպես ավելի վաղ ասվել է, հիմնվելով ուկրաինական հրեական կազմակերպությունների խնդրանքների վրա՝ նա անում է ամեն ինչ՝ աջակցելու խաղաղության արագ վերականգնմանն ուղղված ջանքերին»,- թերթին ասել է Աբրամովիչի ներկայացուցիչը։
Ավելի ուշ, մեկնաբանելով Աբրամովիչի մասնակցությունը ռուս-ուկրաինական բանակցություններին, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ռոման Աբրամովիչն իսկապես մասնակցել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպման սկզբնական փուլին, սակայն այժմ աշխատում են բանակցային խմբերը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մարտի 10-ին պատժամիջոցներ են սահմանել ռուս յոթ գործարարների, այդ թվում՝ բրիտանական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ։ Ավելի ուշ Աբրամովիչի դեմ պատժամիջոցներ սահմանեց նաև Եվրամիությունը։