«Իրանի և գերտերությունների միջև 2015թ. միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ համաձայնությունը մոտ է ավելի, քան երբևէ». այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Նախարարը նաև հավելել է, որ եթե ԱՄՆ-ն պրագմատիկ լինի, հնարավոր կլինի Վիեննայում՝ արտգործնախարարների հանդիպման ժամանակ, համաձայնագիրը վերջնական տեսքի բերել։
«Եվրամիության համակարգողի միջոցով մենք մեր վերջնական առաջարկները տվել ենք ԱՄՆ-ին՝ ամբողջական համաձայնության գալու համար: Մենք ամերիկացիներին հիշեցրել ենք, որ չենք հատելու մեր կարմիր գծերը»,- Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս այցի ժամանակ հայտարարել է Հոսեյն Ամիր Աբդոլահիանը: Միևնույն ժամանակ, Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին Twitter-ում գրել է. «Վերջնագծին մոտ լինելը երաշխիք չէ, որ այն կհատվի»:
Այս ֆոնին Միացյալ Նահանգների հանրապետական մի խումբ օրենսդիրներ նամակ են հղել պետքարտուղար Էնտոնի Բլինկենին` կոչ անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը չհեռացնել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկից: Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը դիտարկում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու հարցը՝ որպես միջուկային բանակցությունների հետ կապված փոխզիջումների առանցքային կետ: