Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կմնա ևս մեկ տարի։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է նորվեգական TV-2 հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն TV-2-ին ասել է, որ կաջակցի ՆԱՏՕ-ում Ստոլտենբերգի մանդատի երկարաձգմանը, եթե նման որոշում կայացվի։ Վարչապետի նշել է, որ ինքը քննարկում է ունեցել գլխավոր քարտուղարի հետ և հայտնել իր աջակցության մասին։
Բացի այդ՝ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ «Ստոլտենբերգը ֆանտաստիկ աշխատանք է կատարում և կարևոր առաջնորդի դեր է խաղում ՆԱՏՕ-ում». «Ստոլտենբերգն իսկական արժեք է դաշինքի համար»:
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուի խոսքերով՝ «փոթորկի մեջ կապիտան փոխելը հեշտ չէ»: Նիդեռլանդների Պաշտպանության նախարար Կաիսա Օլենգրենն, իր հերթին, նշել է, որ «Ստոլտենբերգը հիանալի աշխատանք է կատարել, և կարևոր է՝ այդ պաշտոնում ունենալ մեկին, որին բոլորը գիտեն և վստահում են». «Իսկ նա այդպիսի մարդ է»։
ՆԱՏՕ-ում Լեհաստանի մշտական ներկայացուցիչ Տոմաշ Շատկովսկին էլ «Financial Times»-ին ասել է. «Մենք շատ ենք գնահատում նրա առաջնորդությունն ու սառնասրտությունը, հատկապես՝ ճգնաժամի ժամանակ, հենց հիմա»։