Միջազգային

Նախագահ Բայդենի եվրոպական շրջագայությունը

Նախագահ Բայդենի եվրոպական շրջագայությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սկսում է իր այցը Եվրոպա։ Բրյուսելում ամերիկացի առաջնորդը և նրա եվրոպացի գործընկերները պետք է հայտարարեն Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների և ավելի կոշտ գործողությունների մասին։ Բայդենը կմասնակցի նաև G7-ի հանդիպմանը և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի գագաթնաժողովներին։

Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ կասվի ավելին, քան սահմանափակող միջոցների նոր փաթեթի մասին հայտարարությունն է: «Հայտարարության մեջ խոսվելու է համատեղ ջանքերի ապահովման մասին, որոնք կկասեցնեն Ռուսաստանի՝ պատժամիջոցներից խուսափելու փորձերը, նաև՝ կկանխեն ցանկացած երկրի փորձերը, որոնք միտված են օգնելու Ռուսաստանին՝ խափանել, թուլացնել կամ շրջանցել պատժամիջոցները»,- հավելել է Սալիվանը:

Հինգշաբթի օրը տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովը։ Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգի մշակման անհրաժեշտության մասին՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետ։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի խոսքով՝ «Սրանք աննախադեպ սպանություններ են». «Սա մի բան է, որի հետ ազատ աշխարհը երբեք չի կարողանա համակերպվել: Հուսով եմ՝ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը, որը տեղի կունենա Բրյուսելում, միանշանակորեն կպաշտպանի Ուկրաինայի ազատությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին տեսաելույթ կունենա։ Իր գիշերային ելույթի ժամանակ նա ասել է, որ տարբեր մակարդակներում շարունակվում են աշխատանքները՝ Ռուսաստանին խաղաղության պարտադրելու համար։ Զելենսկին ասել է, որ պատրաստ է քննարկել իր երկրի հանձնառությունը՝ հրադադարի, ռուսական զորքի դուրսբերման և երկրի անվտանգության երաշխիքների դիմաց չձգտել անդամակցել ՆԱՏՕ-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական