Թուրքական Anadolu գործակալությունը պնդում է, որ ռուս գործարար Ռոման Աբրամովիչի զբոսանավը, որի նկատմամբ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել, խարսխվել է Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգի Մարմարիս առողջարանային շրջանի նավահանգստում։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մարտի 10-ին պատժամիջոցներ են սահմանել յոթ ռուս գործարարների, այդ թվում՝ անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ։ Պատժամիջոցների ենթարկվածներին կարգելվի մուտք գործել Մեծ Բրիտանիա, իսկ երկրում նրանց ակտիվները կսառեցվեն։ Անգլիայի «Պրեմիեր լիգան» Աբրամովիչին հեռացրել է «Չելսիի» ղեկավարությունից, որը նրան է պատկանում 2003 թվականից։ Աբրամովիչը «Չելսիի» կառավարումը հանձնել է բարեգործական տրեստին և ասել, որ որոշել է վաճառել ակումբը։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է հաստատի վաճառքի լիցենզիան, սակայն այն Աբրամովիչին թույլ չի տա եկամուտ ստանալ։
«Ռուս գործարար Ռոման Աբրամովիչի Eclipse զբոսանավը խարսխված է Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգի Մարմարիս առողջարանային շրջանի նավահանգստում: 164 մ երկարությամբ և 22 մ լայնությամբ վեցհարկանի զբոսանավը գրավել է բնակիչների ուշադրությունը։ Շատերը սելֆի են արել զբոսանավի դիմաց»,- հայտնում է գործակալությունը։