Հնդկաստանը և ԱՄՆ-ն սկսել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարների «2+2» հանդիպման նախապատրաստությունը՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ տարաձայնությունների ֆոնին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է «Deccan Herald» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Հաջորդ ամիս Վաշինգտոնում սպասվում է Հնդկաստանի արտգործնախարարներ Սուբրամանիամ Ջայշանկարի և պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հանդիպումը ամերիկացի գործընկերներ Էնթոնի Բլինքենի և Լլոյդ Օսթինի հետ։
Հանդիպման մանրամասները երկուշաբթի օրը՝ Նյու Դելիում, խորհրդակցությունների ժամանակ, քննարկել են Հնդկաստանի ԱԳ փոխնախարար Հարշ Վարդան Շրինգլան և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը: Երկու երկրների ԱԳ նախարարությունների ներկայացուցիչների հանդիպումը հնարավորություն է ընձեռել՝ քննարկել Հարավային Ասիայի, Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Արևմտյան Ասիայի, ինչպես նաև՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված արդի հարցեր։
Ինչպես գրում է Deccan Herald-ը, Նյու Դելիի հրաժարումը՝ ուկրաինական հակամարտության առնչությամբ հետևել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կուրսին, մեծացնում է լարվածությունը հնդկա-ամերիկյան հարաբերություններում։ Հնդկաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի մի քանի բանաձևերի քվեարկությունից, որոնք դատապարտում են Ռուսաստանի գործողությունը Ուկրաինայում: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նույնպես դեմ է արտահայտվել Բայդենի ջանքերին՝ ստիպելու Quad երկրներին (անվտանգության քառակողմ երկխոսություն, որը ներառում է Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Ճապոնիան և Ավստրալիան) դատապարտել Ռուսաստանին:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն Հնդկաստանին սպառնում է CAATSA (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք) պատժամիջոցներով՝ 2018-ի հոկտեմբերին ստորագրված 5,43 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրի պատճառով՝ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի հինգ գնդի լրակազմ ձեռք բերելու համար: