Եվրամիությունը հաստատել է ԵՄ անվտանգության և պաշտպանության առաջին ռազմավարությունը, որը կոչվում է «Ռազմավարական կողմնացույց»: Այս որոշումն ընդունել են Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները՝ երկուշաբթի Բրյուսելում կայացած հանդիպմանը։
Ի թիվս այլ բաների՝ այն նախատեսում է արագ արձագանքման ուժերի կորպուսի ստեղծում, որը կներառի մինչև 5000 զինծառայող։ Այն ամբողջությամբ կավարտվի մինչև 2025 թվականը։ Բացի ցամաքային զորքերից՝ նոր կորպուսը պետք է ներառի օդային և ռազմածովային ուժեր։
«Ռազմավարության վրա աշխատանքն իրականացվել է երկու տարի, անհնար էր պատկերացնել, որ ընդունման պահին իրավիճակն այսքան կվատթարանա»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` անդրադառնալով Ուկրաինայի պատերազմին։ Նրա խոսքով՝ փաստաթղթի ընդունումը հստակ ազդանշան է Եվրամիության միասնության ու վճռականության մասին։
ԵՄ պաշտպանական ծախսերը՝ մոտ 200 մլրդ եվրո
«Այժմ ԵՄ երկրների պաշտպանության ընդհանուր ծախսերը կազմում են մոտ 200 միլիարդ եվրո կամ ՀՆԱ-ի 1,5%-ը, սակայն դա բավարար չէ»,- ասել է Բորելը։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը կարևորել է հիբրիդային հարձակումների, կիբեր-սպառնալիքների, արտաքին միջամտության և տեղեկատվության մանիպուլյացիայի դեմ ավելի լավ գործիքներ ստեղծելու անհրաժեշտությունը։ «Ապագա մարտադաշտերը կտարածվեն ցանցերի, կիբերտարածության և արտաքին տարածության վրա և կլինեն «ոչ միայն երկրագունդը գրավելու, այլև՝ մարդկային մտքերը նվաճելու մասին», - ասել է Բորելը:
Միաժամանակ, Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեվիչսը զգուշացրել է՝ այնտեղ կանգ չառնել։ «Ընդհանուր ռազմավարությունը ապահովում է անհրաժեշտ գործիքները, որպեսզի ԵՄ-ն, ՆԱՏՕ-ի հետ միասին, դառնա պաշտպանության և անվտանգության ոլորտում իսկական աշխարհաքաղաքական խաղացող, բայց սա ճանապարհի միայն սկիզբն է», - ասել է նա: «Շատ բան կախված կլինի նրանից, թե որքան հաջող կաջակցենք Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայի դեմ պայքարում»,- հավելել է նախարարը։