Եվրամիությունը ձգտում է ավելացնել յոդի պատրաստուկների և ճառագայթման դեմ անհատական պաշտպանության միջոցների պաշարները: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։ «Հանձնաժողովն աշխատում է, ընդհանուր առմամբ, քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային (CRBN) սպառնալիքների ոլորտում պատրաստվածությունը բարելավելու ուղղությամբ, և նման ջանքերը սկսեցին գործադրվել՝ դեռևս Ուկրաինայում մարտերից առաջ»,- նշել է ԵՄ պաշտոնյան։
Անցյալ տարի ստեղծվել է Առողջապահության արտակարգ իրավիճակների արձագանքման եվրոպական մարմինը (HERA)՝ բացահայտելու և նախապատրաստվելու հնարավոր առողջապահական արտակարգ իրավիճակներին:
Անհրաժեշտության դեպքում HERA-ին կոչ է արվում՝ ակտիվացնել ֆինանսավորումը և գործարկել մոնիտորինգի, նպատակային շրջանառության և անհրաժեշտ բժշկական պարագաների ու հումքի ձեռքբերման մեխանիզմներ: Այն ունի նաև արտադրական հաստատություններ, որոնք պատրաստ են բավարարել դեղերի պահանջարկը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, դեղատներում, մասնավորապես, Բելգիայում, Բուլղարիայում և Չեխիայում, սպառվել են ճառագայթահարման հետևանքները բուժող կալիումի յոդիդի հաբերը և յոդի բարձր պարունակությամբ այլ պատրաստուկները։ Փետրվարի վերջին Բուլղարիայի կառավարությունը որոշել է 4,1 մլն լևայի (մոտ 2,05 մլն եվրո) չափով լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել միջուկային սպառնալիքի դեպքում հատուկ տեխնիկա գնելու համար։