Radar Armenia-ն հաղորդում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ կարծում է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են կազմակերպվել Երուսաղեմում։ Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը փորձում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպման գործում։ «Մենք երախտապարտ ենք այդ ջանքերի համար, որպեսզի վաղ թե ուշ սկսենք խոսել Ռուսաստանի հետ: Հավանաբար, Երուսաղեմը խաղաղություն գտնելու ճիշտ վայրն է»,- ասել է նա երկուշաբթի՝ տեսաուղերձում:
Ավելի վաղ Financial Times թերթը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը դիմել է Իսրայելի վարչապետին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում միջնորդ դառնալու խնդրանքով։ Ավելի ուշ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բենեթը հեռախոսազրույցում Ռուսաստանի առաջնորդին միջնորդությունն է առաջարկել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։