Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հաստատել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար։ «Լավրովը չափազանց փորձառու դիվանագետ է, այսօրվա դրությամբ նա աշխարհում ամենաերկարակյացն է իր պաշտոնում, նա պարզապես խելագար փորձ ունի»,- ասել է Կուլեբան՝ ուրբաթ «Ուկրաինսկա պրավդա»-ին տված հարցազրույցում։
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ Լավրովի հետ բանակցությունները շարունակելու թեման օրակարգում է եղել՝ Մոսկվա կատարած այցից հետո Կիև այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին՝ Բելառուսի Գոմելի մարզում, հանդիպումը տևել է հինգ ժամ։ Այնուհետ կողմերը հանդիպեցին մարտի 3-ին՝ Բելովեժսկայա Պուշչայում, և մարտի 7-ին՝ Բրեստի մարզում։ Մարտի 10-ին թուրքական Անթալիայում՝ դիվանագիտական ֆորումի շրջանակում, կայացել էր Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այժմ բանակցություններն ընթանում են ամենօրյա ձևաչափով՝ տեսաուղերձով։