Բայդենի վարչակազմը քննարկում է նաև «Ռոսատոմի» դեմ հնարավոր պատժամիջոցների տարբերակները․ գրում է VOA-ն։
Մի խումբ հանրապետական սենատորներ հինգշաբթի օրը օրինագիծ են ներկայացրել՝ արգելելու ռուսական ուրանի ներկրումը։ Օրինագիծն առաջ է քաշվել այն ժամանակ, երբ Բայդենի վարչակազմը քննարկում է «Ռոսատոմի» դեմ հնարավոր պատժամիջոցների տարբերակները, որն ամբողջ աշխարհում ատոմակայանների վառելիքի և տեխնոլոգիաների հիմնական մատակարարներից է:
Սպիտակ տան կողմից ռուսական էներգառեսուրսների՝ նավթի, գազի և ածուխի ներմուծման ամերիկյան արգելքը դեռևս չի ներառում ուրանը:
Ներկայացնելով ռուսական ուրանի ներկրումն արգելող օրինագիծը՝ սենատոր Ջոն Բարասոն ասել է, որ արդեն գործող արգելքները կարևոր են, բայց «չպետք է վերջինը լինեն»: Սենատորը ներկայացնում է Վայոմինգ նահանգը, որի տարածքում հնարավոր է ուրանի արդյունահանման վերսկսումը։
Բարասոն կարծում է, որ ռուսական ուրանի ներմուծման արգելքը կվնասի «ռուսական ռազմական մեքենայի» ֆինանսավորմանը և կամրապնդի ԱՄՆ ազգային անվտանգությունը։
ԱՄՆ-ն կախված է ուրանի ներկրումից՝ ունենալով ավելի քան 90 միջուկային ռեակտորներ, ավելի շատ, քան աշխարհի ցանկացած այլ երկիր: 2020թ. ռուսական ուրանին բաժին է ընկել ԱՄՆ-ից ուրանի բոլոր գնումների 16%-ը՝ ըստ ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության գործակալության: Կանադայի և Ղազախստանի բաժնետոմսերը կազմել են 22-ական %։