Ինչպես չորեքշաբթի օրը հայտարարվեց Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորի հանդիպման արդյունքում, երկու երկրները շուտով կսկսեն Նորվեգիայից Գերմանիա կանաչ ջրածնի փոխադրման նախագծի տեխնիկական վերլուծությունը: «Առաջիկա ամիսներին և տարիներին շատ կարևոր կլինի արագացնել Եվրոպա էներգակիրների մատակարարման այլընտրանքային աղբյուրների զարգացումը՝ ռուսական նավթն ու գազը փոխարինելու համար, ինչպես նաև՝ դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը», - ասվում է երկու երկրների պաշտոնական հայտարարությունում։
Գերմանիան, որը Եվրոպայի ամենամեծ տնտեսությունն է, հայտարարել է էներգակիրների մատակարարման աղբյուրները վերանայելու մտադրության մասին՝ այն պահից, երբ Ռուսաստանը սկսեց իր ռազմական գործողությունն Ուկրաինայում։ Ռուսաստանին բաժին է ընկնում Գերմանիայից գազի գնումների կեսից ավելին, ածուխի ներմուծման կեսը և նավթի ներմուծման մոտ մեկ երրորդը. գրում է «Bloomberg»-ը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացել է ավելացնել պահեստային գազի և ածխի պահեստավորման հզորությունը՝ նվազեցնելու մատակարարման հնարավոր խափանումների վտանգը։ Բացի այդ՝ երկրի իշխանությունները գնում են հեղուկ բնական գազ, աջակցում են LNG տերմինալների կառուցման նախագծերին և ակտիվացնում են էներգիայի վերականգնվող աղբյուրների ներդրումը։