Ինչպես հայտարարել է Ֆումիո Կիսիդան, Ճապոնիան «նպատակ է դրել լուծել հյուսիսային տարածքների հարցը և կնքել խաղաղության պայմանագիր, սակայն, ցավոք, այդ նպատակը չի իրականացվել»։ Ճապոնիան կարծում է, որ Կուրիլյան կղզիների հարավային հատվածը ապօրինի կերպով օկուպացված է Ռուսաստանի կողմից, և այժմ հնարավոր չէ խոսել Տոկիոյի և Մոսկվայի միջև երկխոսության որևէ հեռանկարի մասին։ Այս դիրքորոշումը հինգշաբթի օրը, խորհրդարանական քննարկումների ժամանակ, հայտնել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
«Ռուսաստանի կողմից հյուսիսային տարածքների օկուպացիան [ինչպես Ճապոնիայում են անվանում՝ Կուրիլյան կղզիների հարավային հատվածը] իրավական հիմք չունի: Կղզիների կարգավիճակը անօրինական օկուպացիա է, և մեր դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է: Հաշվի առնելով նման իրավիճակը՝ մենք ի վիճակի չենք խոսելու բանակցությունների հեռանկարների մասին», - ասել է նա։ Ճապոնիայի կառավարության ղեկավարները մոտավորապես 2009թ․-ից չէին օգտագործել «ապօրինի օկուպացիա» տերմինը՝ Կուրիլների հարավային մասի վերաբերյալ:
Կիսիդան նաև նշել է, որ Ճապոնիան «նպատակ էր դրել կարգավորել հյուսիսային տարածքների հարցը և կնքել խաղաղության պայմանագիր, սակայն, ցավոք, այդ նպատակը չիրականացավ»։ Մոսկվան և Տոկիոն անցյալ դարի կեսերից բանակցություններ են վարում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով խաղաղության համաձայնագրի մշակման շուրջ։ Դրա գլխավոր խոչընդոտը մնում է Կուրիլների հարավային մասի իրավունքների շուրջ անհամաձայնությունը։ Պատերազմի ավարտից հետո ամբողջ արշիպելագը ընդգրկվեց ՍՍՀՄ կազմում, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտան և մի խումբ փոքր անմարդաբնակ կղզիների պատկանելությունը։ Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս ընդգծել է, որ Մոսկվայի տիրապետությունն այս տարածքների նկատմամբ, որն ունի համապատասխան միջազգային իրավական բազա, կասկածից վեր է։