Ամերիկյան AeroVironment ընկերության Switchblade կառավարվող հրթիռները ներառվել են Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրված ռազմական օգնության փաթեթում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հեռուստաընկերությունը նշում է, որ «թափառող» զինամթերքը նախկինում ներառված էր այն զենքերի ցանկում, որոնք Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել էր հանգստյան օրերին տեղի ունեցած խորհրդակցություններից հետո։ Ինչպես հաղորդում է CNN-ը, ուկրաինացի զինվորականների կողմից Switchblade հրթիռների կիրառումը պահանջում է ամերիկյան կողմից հեռակառավարմամբ իրականացվող համապատասխան հրահանգ։
Հրթիռը երկու տարբերակ ունի՝ Switchblade 300 և Switchblade 600: Թեթև Switchblade 300-ը նախատեսված է հետևակին բարձր ճշգրտությամբ հարվածներ հասցնելու համար, մինչդեռ 600 մոդելը օգտագործվում է տանկեր և զրահամեքենաներ ոչնչացնելու համար: Նրանք նաև կոչվում են «կամիկաձե անօդաչու թռչող սարքեր»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, չորեքշաբթի օրը Սպիտակ տանը խոսելով Կիևին տրամադրվելիք ռազմական օգնության մասին, ասել է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են Ուկրաինային լրացուցիչ սպառազինություն փոխանցել՝ ներառյալ ՀՕՊ և հակատանկային համակարգեր, փոքր զենքեր, դրոններ։ Խոսելով անօդաչու սարքերի մասին՝ ամերիկյան առաջնորդը նկատի ուներ Switchblade-ը։ Բայդենը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի՝ այս շաբաթ այն հասցնելով մինչև 1 միլիարդ դոլարի։