Radar Armenia-ն հաղորդում է, որ Իրանական բանտից ազատված Բրիտանիայի քաղաքացիներ Նազանին Զագարի-Ռաթքլիֆը և Անուշե Աշուրին ժամանել են Միացյալ Թագավորություն։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Reuters գործակալությունը։ Հինգշաբթի առավոտյան նրանք ժամանել են Արևմտյան Օքսֆորդշիրում գտնվող Brize Norton բրիտանական ռազմաբազա։
Զագարի-Ռաթքլիֆը Իրանում 2016 թվականին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ ներկայիս իշխանությունը տապալելու նպատակով քաղաքական դավադրությանը մասնակցելու համար, իսկ ավելի ուշ մեղավոր է ճանաչվել մեկ այլ գործով։ 2017 թվականին կալանավորված գործարար Աշուրին 2019 թվականին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ իսրայելական հետախուզության հետ համագործակցելու համար։
Բրիտանացիների ազատ արձակման շուրջ բանակցությունները շարունակվում էին երկար տարիներ։ Ինչպես հայտարարել է ՄԲ ԱԳ նախարար Լիզ Թրասը, դրանք ակտիվ փուլ են մտել անցյալ տարվա հոկտեմբերին, երբ բրիտանացի բանակցողների հատուկ թիմ ուղարկվեց Թեհրան։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը նշել է, որ Թեհրանի հետ զուգահեռ բանակցություններ են տարվում Chieftain տանկերի համար բրիտանական 400 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 520 միլիոն դոլար) պարտքը մարելու համար, որոնք թագավորությունը հրաժարվեց Իրանին մատակարարել 1979 թվականին՝ շահի ռեժիմի տապալումից հետո։ Ըստ Թրասի՝ պարտքը վճարվել է «բրիտանական և միջազգային պատժամիջոցների և բոլոր իրավական պարտավորությունների համաձայն», իսկ Իրանի ստացած միջոցները հասանելի կլինեն բացառապես մարդասիրական ապրանքներ գնելու համար։