Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չորեքշաբթի մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) և Սաուդյան Արաբիա՝ Մերձավոր Արևելքից լրացուցիչ մատակարարումների միջոցով երկիրը նավթով և նավթամթերքով ապահովելու համար: Քանի որ Մեծ Բրիտանիան, ինչպես և արևմտյան այլ երկրներ, բախվում է էներգակիրների գների աճին, Ջոնսոնը կփորձի խրախուսել արտադրողներին՝ մեծացնել արտադրանքը և ապահովել այլ մատակարարումներ՝ օգնելու սպառողներին ու նվազեցնելու կախվածությունը ռուսական արտահանումից:
«Մեծ Բրիտանիան կառուցում է միջազգային կոալիցիա՝ մեր առջև ծառացած նոր իրականությանը դիմագրավելու համար: Աշխարհը պետք է հրաժարվի ռուսական ածխաջրածիններից», - ասել է Ջոնսոնը: Նա նշել է, որ «Սաուդյան Արաբիան և Միացյալ Էմիրությունները հիմնական միջազգային գործընկերներն են այդ ասպարեզում»: Վարչապետը հավելել է, որ Մեծ Բրիտանիան «կաշխատի նրանց հետ՝ ապահովելու տարածաշրջանային անվտանգությունը, աջակցելու մարդասիրական օգնության ջանքերին և երկարաժամկետ հեռանկարում կայունացնելու համաշխարհային էներգետիկ շուկաները»։
ԱՄԷ-ում նախատեսվում է Ջոնսոնի հանդիպումը գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Զայեդի, Սաուդյան Արաբիայում՝ թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ։ Բրիտանական լրատվամիջոցները կարծում են, որ Ջոնսոնը կփորձի համոզել արաբ առաջնորդներին՝ միանալ Ռուսաստանի վրա Արևմուտքի կոշտ ճնշումներին՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Ավելի վաղ Ջոնսոնը կոչ էր արել՝ ազատվել ռուսական գազի և նավթի կախվածությունից։ «Մենք չենք կարող այսպես շարունակել, աշխարհը չի կարող ենթարկվել այս մշտական շանտաժին»,- ընդգծել էր Ջոնսոնը։