Radar Armenia-ն հաղորդում է, որ «Ռուսաստանը որևէ խոչընդոտ չի ստեղծում՝ պայմանավորվածությունների հասնելու համար, որևէ կապ չկա ուկրաինական իրադարձությունների և Վիեննայի բանակցությունների միջև։ Թեհրանն ակնկալում է, որ մոտ ապագայում լավ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ», - այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսին։ «Մենք հուսով ենք, որ ամերիկյան կողմը կհրաժարվի իր չափազանցված պահանջներից», - ասել է նա։
Իրանցի նախարարի խոսքով՝ բանակցությունների ձգձգումը կարող է հանգեցնել լավ հողի ստեղծմանը մնացած հարցերի լուծման համար։ Բացի այդ՝ նա շեշտել է Իրանի արտաքին քաղաքականության հավասարակշռվածությունը։ «Իրանն այսօր կարևոր դեր է խաղում՝ իր հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ, և չի ցանկանում դառնալ ուրիշի արբանյակը կամ իր համար արբանյակներ ստեղծել»,- հավելել է նա։ Իրանի արտգործնախարարը նաև ասել է, որ Ռուսաստանը որևէ խոչընդոտ չի ստեղծում՝ պայմանավորվածությունների հասնելու համար. «Որևէ կապ չկա ուկրաինական իրադարձությունների և Վիեննայի բանակցությունների միջև»։ Աբդոլլահյանն ընդգծել է, որ Ռուսաստանը, այս բանակցությունների հենց սկզբից, կարևոր և կառուցողական դեր է խաղացել. «Մինչև բանակցությունների ավարտն ու ամուր, տևական համաձայնագրի ձեռքբերումը՝ Ռուսաստանը կաջակցի Իրանին՝ հասնելու այդ համաձայնությանը», - հավելել է նա։
Մարտի 11-ին ԵՄ ԱԳ և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Վիեննայում բանակցությունները դադարեցվել են արտաքին գործոնների պատճառով։ Նրա խոսքով՝ վերջնական տեքստը գրեթե պատրաստ է, ուստի ինքը կապի մեջ կլինի ՀԳՀԾ-ի բոլոր կողմերի և ԱՄՆ-ի հետ՝ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար։