Radar Armenia-ն հաղորդում է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հնարավորություն է փնտրում՝ հեռախոսազրույցներ ունենալու Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Մարտի 11-ին Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է «կեղծ դրոշով» գործողություն իրականացնել Ուկրաինայում կամ օգտագործել իրավիճակը, որպես պատրվակ՝ փորձելու քիմիական զենք կիրառել: Ըստ Bloomberg-ի՝ Սալիվանը ցանկանում է հեռախոսազրույց ունենալ իր գործընկերոջ՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ՝ զգուշացնելու՝ զերծ մնալ նման գործողություններից։
Սալիվանի և Պատրուշևի զրույցը դեռ համաձայնեցված չէ, նշում է Bloomberg-ը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ուկրաինացի ազգայնականները թունավոր նյութերի կիրառմամբ սադրանքներ են նախապատրաստում՝ Ռուսաստանին քիմիական զենք կիրառելու մեջ մեղադրելու համար, և այդ նպատակով Խարկովից հյուսիս-արևմուտք ընկած Զոլոչիվ գյուղ է հասցվել մոտ 80 տոննա ամոնիակ։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է նաև, որ Ուկրաինայում վերջին տարիներին ԱՄՆ-ի աջակցությամբ կենսաբժշկական ծրագիր էր իրականացվում։