ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ենթադրել է, որ առաջիկա օրերին թիվը կավելանա ևս 3 մլն-ով։
Ուկրաինայում ավելի քան 5 միլիոն մարդ հակամարտության պատճառով ստիպված է եղել լքել իր տունը։ Այս մասին երկուշաբթի իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի 40 միլիոն բնակչության մեկ երրորդը պատերազմի հետևանքով հայտնվել է անելանելի վիճակում։ «Այս իրավիճակն ստեղծվեց ընդամենը երկու շաբաթվա ընթացքում», - հավելել է պաշտոնյան՝ նշելով, որ միգրացիոն այս ճգնաժամն ամենալուրջն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Գերագույն հանձնակատարը նաև նշել է, որ մինչ այժմ, ընդհանուր առմամբ, դա հնարավոր է եղել հաղթահարել նրա շնորհիվ, որ «ուկրաինացիները սերտ կապեր ունեն Եվրոպայի հետ և համայնքներով արմատավորվել են այնտեղ»։