Հատկապես նկատելի աճել է զենքի ներմուծումը Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից և Նիդերլանդներից։ Ռուսաստանից արտահանման ծավալը 2017-2021թթ.՝ 2012-2016թթ․ համեմատությամբ, նվազել է 26%-ով։
Զենքի հիմնական տեսակների միջազգային մատակարարումների ծավալը 2017-2021թթ.՝ 2012-2016թթ. համեմատությամբ, նվազել է 4,6%-ով։ Մինչդեռ Եվրոպայի, Արևելյան Ասիայի և Օվկիանիայի երկրների կողմից սպառազինությունների գնման ծավալները նույն ժամանակահատվածում աճել են, համապատասխանաբար, 19%, 20% և 59%-ով:
Ի թիվս այլ նյութերի՝ զեկույցում արձանագրվում է զենքի արտահանման աճ այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ «SIPRI Arms Transfer Program»-ի ավագ գիտաշխատող Պիտեր Ուեզմանը մեկնաբանել է հետազոտության հիմնական արդյունքները. «Սպառազինությունների համաշխարհային փոխանցումների աննշան անկումը քողարկում է տարածաշրջանային միտումների էական տարբերությունները: Մի կողմից՝ մենք տեսնում ենք որոշ դրական զարգացումներ, ներառյալ՝ այն փաստը, որ հարավամերիկյան զենքի ներմուծումը հասել է վերջին 50 տարվա ընթացքում ամենացածր մակարդակին: Մյուս կողմից՝ տեսնում ենք սպառազինությունների անհանգստացնող կուտակում, որը ներառում է, մասնավորապես, սպառազինությունների ներմուծման աճը կամ շարունակական բարձր տեմպերն այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Եվրոպան, Արևելյան Ասիան, Օվկիանիան և Մերձավոր Արևելքը»:
Եվրոպայում զենքի ներմուծումը աճում է
Եվրոպայում, ըստ SIPRI-ի փորձագետների, աշխարհում գրանցվել է զենքի գնման ծավալների ամենազգալի աճը։ 2017-2021թթ. Եվրոպա հիմնական սպառազինությունների ներմուծումը 19%-ով ավելի է եղել, քան 2012-2016թթ. և կազմել է զենքի միջազգային վաճառքի 13%-ը։
Եվրոպայում զենքի գնման ամենամեծ ծավալները եղել են Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից և Նիդեռլանդներից։ Ակնկալվում է, որ մյուս եվրոպական երկրները առաջիկա 10 տարում զգալիորեն կավելացնեն զենքի գնումների ծավալը․ նշում են SIPRI-ի փորձագետները՝ բացատրելով, որ շատ պետություններ զենքի (առաջին հերթին՝ ռազմական ավիացիոն տեխնիկայի) մեծ պատվերներ են կատարել ԱՄՆ-ից։
«Չնայած Ուկրաինայում շարունակվող հակամարտությանը՝ 2017-2021թթ. ուկրաինական հիմնական սպառազինությունների ներմուծումը շատ սահմանափակ է եղել»,- ասվում է զեկույցում։ «Եվրոպական երկրների մեծ մասի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացումը կարևոր գործոն է դարձել եվրոպական զենքի ներմուծման աճի համար, հատկապես՝ այն պետությունների համար, որոնք չեն կարող բավարարել իրենց կարիքները ազգային ռազմական արդյունաբերության հաշվին», - բացատրում է Պիտեր Ուեզմանը:
Ֆրանսիան զենքի համաշխարհային արտահանման առաջատարների թվում է
Ըստ Ստոկհոլմի ինստիտուտի տվյալների՝ 2017-2021թթ. Ֆրանսիան զենքի արտահանմամբ աշխարհում երրորդն տեղն էր զբաղեցնում: Նրա մասնաբաժինը այդ ժամանակահատվածում կազմել է զենքի համաշխարհային վաճառքի 11%-ը։ Միաժամանակ, 2012-2016թթ. համեմատ, 2017-2021թթ. Ֆրանսիայում զենքի արտահանման ծավալն աճել է 59%-ով։
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն մնաց զենքի վաճառքի համաշխարհային շուկայի առաջատարը։ 2012-2016թթ.համեմատ՝ 2017-2021թթ. նրանք նույնիսկ իրենց մասնաբաժինը այս շուկայում 32%-ից հասցրել են 39%-ի։ 2017-2021թթ. ԱՄՆ-ից զենքի արտահանման ծավալը գերազանցել է Ռուսաստանին ավելի քան երկու անգամ՝ 108%-ով։
Ռուսաստանից զենքի արտահանման կրճատում
Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ նրա զենքի արտահանման ծավալը, ըստ «SIPRI»-ի, 2017-2021թթ.՝ 2012-2016թթ. համեմատ, նվազել է 26%-ով։ 2017-2021թթ. Ռուսաստանին բաժին է ընկել զենքի համաշխարհային արտահանման 19%-ը։ «Ռուսական սպառազինության արտահանման ընդհանուր անկումը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է երկու հասցեատերերի՝ Հնդկաստան և Վիետնամ մատակարարումների կրճատման հետ: Այնուամենայնիվ, առաջիկա տարիներին Ռուսաստանից Հնդկաստան զենքի մի քանի խոշոր առաքումներ են սպասվում», - նշում են SIPRI-ի փորձագետները:
Չինաստանը 2017-2021թթ. զենքի արտահանմամբ աշխարհում չորրորդն էր, իսկ Գերմանիան՝ հինգերորդը: Միևնույն ժամանակ, 2012-2016-ին՝ 2017-2021-ի համեմատ, Չինաստանում զենքի վաճառքի մակարդակն աճել է 31%-ով, իսկ Գերմանիայում՝ 19%-ով: