«Իրաքը չպետք է դառնա արտաքին ուժերի հաշիվները մաքրելու ասպարեզ», - կիրակի երեկոյան հայտարարել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Կազիմին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Վարչապետն ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ, որ Իրաքը դառնա դրսի ուժերի հաշիվների մաքրման ասպարեզ՝ հավելելով, որ երկիրը շարունակում է ամրապնդել իր ակտիվ դերը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում»։
Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ աջակցության համար, վստահեցնելով, որ կառավարությունը «ձեռնարկում է բոլոր միջոցները՝ Իրաքի ինքնիշխանությունն ամրապնդելու և այն ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու համար»։ Բլինկենն ասել է, որ ԱՄՆ-ն համերաշխ է Իրաքի հետ և աջակցում է այն ամենին, ինչը կպահպանի նրա անվտանգությունն ու ինքնիշխանությունը։
Կիրակի գիշերը կրակի տակ է հայտնվել հյուսիսային Իրաքի Էրբիլ քաղաքը։ Տեղեկությունների համաձայն՝ մի քանի հրթիռ է պայթել ԱՄՆ գլխավոր հյուպատոսության՝ կառուցվող շենքի մոտ։ Վնասվել է «Քուրդիստան-24» հեռուստաալիքի գրասենյակը։ Զոհեր չկան, տեղի բնակիչներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։