Միջազգային

Ռուսաստանը Չինաստանից ռազմական աջակցություն և անօդաչուներ է ակնկալում

Ռուսաստանը Չինաստանից ռազմական աջակցություն և անօդաչուներ է ակնկալում

Ռուսաստանը Չինաստանից ռազմական օգնություն, այդ թվում՝ անօդաչուներ, ինչպես նաև՝ տնտեսական օգնություն է ակնկալում՝ կապված ուկրաինական պատերազմի հետ։ Այդ մասին տեղեկացրել է CNN-ը։

Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ այս դիմումն ուղարկվել է ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժումից հետո։ Պաշտոնյան հրաժարվել է մանրամասնել Չինաստանի արձագանքը, բայց նշել է, որ չինացիները պատասխանել են։

Ռուսաստանի՝ ռազմական օգնության մասին խնդրանքի վերաբերյալ CNN-ի հարցին ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լյու Պենյույը պատասխանել է, որ տեղյակ չէ։

Լյուն անհանգստություն է հայտնել Ուկրաինայի իրավիճակի առնչությամբ և ասել, որ Չինաստանը Ուկրաինային տրամադրում է և շարունակելու է տրամադրել մարդասիրական օգնություն․ «Այժմ գլխավոր առաջնահերթությունը լարված իրավիճակի սրացումը և դրա անվերահսկելիությունը կանխելն է։ Չինաստանը կոչ է անում՝ առավելագույն զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ մասշտաբային հումանիտար աղետ», - նշել է նա։

Ռուսաստանի՝ Չինաստանին դիմելու մասին տեղեկացրել են նաև ամերիկյան այլ զլմ-ներ։ Նշենք, որ Սպիտակ տան՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը մոտ օրերս պետք է հանդիպի չինացի գործընկերոջ՝ Յան Ցզեչիի հետ։

Սալիվանը նախօրեին CNN-ին ասել էր, որ Չինաստանը, Ռուսաստանին աջակցություն ցուցաբերելով, «անհանգստություն» է առաջ բերում։ «Մենք նաև ուշադիր հետևում ենք, թե Չինաստանն ինչ աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանին։ Մենք Պեկինին տեղեկացրել ենք, որ մի կողմ քաշված չենք մնա և թույլ չենք տա որևէ երկրի՝ փոխհատուցել տնտեսական պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանի կորուստները», - ասել է Սալիվանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Պեկինին հստակ հասկացրել է, որ պատժամիջոցները շրջանցելու հարցում ՌԴ-ին օգնելու ջանքերը «անպայման հետևանքներ կունենան»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական