Facebook-ը և Instagram-ը միջոցներ չեն ձեռնարկի «Մահ ռուս զավթիչներին» ու նմանատիպ արտահայտություններով գրառումների դեմ։ Սա չի վերաբերում Ռուսաստանի սովորական քաղաքացիների նկատմամբ բռնության իրական կոչերին։
Facebook և Instagram ցանցերը ժամանակավորապես հանել են ռուս զինվորականների նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի արգելքը։ Այս մասին ասվում է Meta-ի ներկայացուցիչ Էնդի Սթոունի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ՝ մարտի 11-ին։ «Ռուսաստանի ներխուժման պատճառով մենք ժամանակավորապես թույլ ենք տվել այնպիսի արտահայտչամիջոցներ, որոնք, սովորաբար, կխախտեին բռնության հրահրման՝ մեր արգելքները», - ասել է նա։ Որպես նման օրինակ, որն այլևս չի ջնջվի, Սթոունը բերել է «Մահ ռուս զավթիչներին» կարգախոսը։
«Միևնույն ժամանակ, Facebook-ը և Instagram-ը կշարունակեն միջոցներ ձեռնարկել «ռուս խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության հավանական կոչերի դեմ», - հավելել է ընկերության ներկայացուցիչը։
Reuters-ը, վկայակոչելով Meta-ի ներքին նամակագրությունը, հայտնում է, որ թարմացված կանոնները վերաբերում են Հայաստանի, Ադրբեջանի, Էստոնիայի, Վրաստանի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սլովակիայի և Ուկրաինայի օգտատերերին։