Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Լուրը հաստատվել է պաշտոնական Կրեմլի կողմից։
Ակնկալվում է, որ նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, դաշնակցային համագործակցության զարգացումը, տնտեսական համագործակցությունը՝ պատժամիջոցների ճնշման ներքո, ինչպես նաև՝ իրավիճակը տարածաշրջանում և Ուկրաինայում։
Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով Բելառուսի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանվել արևմտյան երկրների և ԱՄՆ-ի կողմից։ Մյուս կողմից՝ Լուկաշենկոն բազմիցս վստահեցրել է, որ բելառուս զինծառայողներն այս գործողությանը չեն մասնակցում։
Վերջին անգամ Բելառուսի ղեկավարը Մոսկվա էր այցելել փետրվարի 18-19-ը։ Նա և Պուտինը Կրեմլի իրավիճակային կենտրոնում հետևել էին Ռուսաստանի ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններին։ Միաժամանակ, նախագահները որոշել են երկարաձգել «Դաշնակցային վճռականություն-2022» համատեղ զորավարժությունները, որոնք սկսվել են Բելառուսում՝ փետրվարի 10-ին, և պետք է ավարտվեին փետրվարի 20-ին։