Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին պնդում է, որ Վաշինգտոնը ոչ մի տեղ քիմիական և կենսաբանական զենք չի մշակում և չի տիրապետում։ Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի՝ Twitter-ում։
«Միացյալ Նահանգները լիովին կատարում է քիմիական և կենսաբանական զենքի կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորությունները, չի մշակում այդ տեսակի զենքեր և ոչ մի տեղ չունի դրանցից», - վստահեցրել է նա։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը դիմել է քիմիական զենքի կիրառման և Արևմուտքին է մեղադրում այն խախտումների մեջ, որոնք ինքն է թույլ տալիս։ «Այժմ, երբ Ռուսաստանն այս միտումնավոր, կեղծ հայտարարություններն է անում, և Չինաստանը, կարծես, աջակցում է այդ քարոզչությանը, մենք պետք է հետևենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայում քիմիական կամ կենսաբանական զենք կիրառելու կամ այդ նպատակով կեղծ դրոշակային գործողություն իրականացնելու հնարավորությանը», - հայտարարել է Պսակին։