Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) հավատարիմ է մնում երկրների ինքնիշխանության և անկախության պահպանման սկզբունքին՝ հավատալով, որ Ուկրաինայի ճգնաժամից դուրս գալու միակ ելքը կլինի դիվանագիտական լուծումը։ Այս մասին ասված է չորեքշաբթի՝ Կահիրեում արտգործնախարարների մակարդակով տարածաշրջանային 157-րդ նստաշրջանում հրապարակված հայտարարության մեջ։
«Մենք մատնանշում ենք դիվանագիտական լուծման շուտափույթ ձեռքբերման վրա աշխատելու անհրաժեշտությունը, որը Արտաքին խորհուրդը համարում է այս ճգնաժամից դուրս գալու միակ ելքը։ Դա կօգնի՝ փրկել անմեղ մարդկանց կյանքը և կանխել առանց այն էլ ողբերգական հումանիտար իրավիճակի վատթարացումը։
Լիգան, տեսնելով ճգնաժամի հետագա սրման նշաններ, հավատարիմ է տարբեր ոլորտներում միջազգային և մասնագիտացված կազմակերպությունների աշխատանքը չքաղաքականացնելու անհրաժեշտությանը, ինչպես նաև՝ դիվանագիտական և քաղաքական առճակատումից ու երկակի ստանդարտներից խուսափելուն», - ասված է արաբական պետությունների լիգայի կոմյունիկիեի մեջ։
Նախորդ օրը, ելույթ ունենալով Խորհրդի նիստում, Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը զգուշացրել է, որ ուկրաինական ճգնաժամը արաբական տարածաշրջանին լուրջ տնտեսական հետևանքներով է սպառնում, այդ թվում՝ պարենային անվտանգության առումով, ինչը պահանջում է «կանխամտածված գործողություններ, որոնք նվազագույնի կհասցնեն հնարավոր վնասները»։ Նա նաև կարծում է, որ արաբական երկրներն իրենց դիրքորոշումներում տեղի ունեցողի վերաբերյալ պետք է առաջնորդվեն «ազգային և, ընդհանրապես, համաարաբական շահերով»։