Ռուսաստանում ուրբաթ սկսվել է «Deutsche Welle» մեդիա-ընկերության կայքի արգելափակումը, որի հեռարձակումը ՌԴ-ում դադարեցվել էր, իսկ Մոսկվայի գրասենյակի աշխատակիցները զրկվել էին հավատարմագրումից։ Արգելափակվել են նաև «Ազատություն» ռադիոկայանի եւ մի շարք այլ լրատվամիջոցների կայքերը։ Այս մասին հայտնում են «Globalcheck»-ը և «ZaTelecom Telegram» ալիքը։ DW կայքի հասանելիության աստիճանը, ըստ «Globalcheck»-ի, իջել է մինչև 0%, իսկ «Ազատություն» ռադիոկայանի կայքինը՝ մինչև 83%։
ՌԴ որոշ օգտատերերի համար անհասանելի են եղել նաև «Facebook» սոցիալական ցանցը, «Meduza» հրատարակության կայքերը, «BBC»-ի ռուսական ծառայությունը։ «Meduza»-ի և «BBC»-ի կայքերի հասանելիությունը, ըստ «Globalcheck»-ի, կազմում է 17%, «Facebook»-ինը՝ 37%։ Բացի այդ՝ օգտատերերի մեծամասնությունը չի կարողացել մուտք գործել «App Store» և «Google Play» հավելվածների խանութներ։
«Ռոսկոմնադզորը» մարտի 1-ին՝ Գլխավոր դատախազության պահանջով, արգելափակել էր «Дождь» հեռուստաալիքի կայքը, «Эхо Москвы»-ն էլ՝ անջատել եթերից։ Գերատեսչության տվյալներով՝ հեռուստաալիքի և ռադիոկայանի կայքերում տեղ են գտել «ծայրահեղական գործունեության կոչեր և կեղծ տեղեկություններ» Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունների մասին։ Դրանից հետո «Дождь»-ը ժամանակավորապես դադարեցրեց աշխատանքը, իսկ տնօրենների խորհուրդը լուծարեց «Эхо Москвы»-ն և ռադիոկայանի կայքը։ «Ռոսկոմնադզորը» նաև Google-ից է պահանջել հեռացնել «Эхо Москвы»-ի հավելվածը։
Կապի ոլորտում հսկողություն իրականացնող ռուսական գերատեսչությունը նաև պահանջել է հեռացնել «Новая Газета», «Медиазона», «Дождь» և այլ լրատվամիջոցների նյութերը՝ Ուկրաինայում տեղի ունեցողը «պատերազմ» որակելու համար։
Հաղորդում է DW գործակալությունը։