Միջազգային

Հաագայի քրեական դատարանում կքննեն Ուկրաինայում կատարվող ռազմական հանցագործությունները

Հաագայի քրեական դատարանում կքննեն Ուկրաինայում կատարվող ռազմական հանցագործությունները

Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) կհետաքննի Ուկրաինայի տարածքում ենթադրյալ ռազմական և մարդկության դեմ հանցագործությունները։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 28-ին, հայտարարել է ՄՔԴ-ի գլխավոր դատախազ Քարիմ Խանը։ Նրա խոսքով՝ հետաքննությունը կսկսվի հնարավորինս շուտ։

Խանի խոսքով՝ հետաքննությունները սկզբում կենտրոնանում են հնարավոր հանցագործությունների վրա, որոնք կատարվել են մինչև Ռուսաստանի ռազմական ներխուժումը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով ռուսական ուժերի ներթափանցումը, ՄՔԴ գլխավոր դատախազը մտադիր է հետաքննել իր գերատեսչության իրավասության տակ գտնվող «որևէ նոր ենթադրյալ հանցագործություն»:

«Ո՛չ Ուկրաինան, ո՛չ Ռուսաստանը ՄՔԴ-ի մասնակից պետություններ չեն։ Այնուամենայնիվ, պաշտոնական Կիևը երկու անգամ համաձայնել է ճանաչել Հաագայի դատարանի իրավասությունը Ուկրաինայի տարածքում ենթադրյալ հանցագործությունների առնչությամբ», - նշել է ՄՔԴ գլխավոր դատախազը։ Այսպիսով, դատարանն արդեն հետաքննել է 2013-2014թթ․ Կիևում եվրոպամետ ցույցերը ճնշելու, ինչպես նաև 2014թ. Ռուսաստանին Ղրիմի բռնակցման և Արևելյան Ուկրաինայում անջատողական պրոռուսական կազմավորումների առաջացման հետ կապված միջադեպերը։ «Բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Ուկրաինայում կատարվել են ինչպես ռազմական, այնպես էլ՝ մարդկության դեմ հանցագործություններ», - հայտնել է պաշտոնյան։

ՄՔԴ-ի գլխավոր դատախազը կոչ է արել մասնակից պետություններին՝ աջակցել հետաքննությանը, այդ թվում՝ ֆինանսական ռեսուրսներով և անձնակազմի տրամադրմամբ: 

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» մեկնարկի մասին՝ հիմնավորելով այն «ցեղասպանության ենթարկված մարդկանց» պաշտպանելու առաքելությամբ։ 

Հաղորդում է DW-ն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական