Միջազգային

Արևմուտքում շահագրգռված չեն, որ Ռուսաստանը լիակատար պարտության մատնվի

Արևմուտքում շահագրգռված չեն, որ Ռուսաստանը լիակատար պարտության մատնվի

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ծավալվող ռազմական գործողությունների և դրա հետևանքների մասին Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։ 

- Պարոն Սարոյան, ռուս-ուկրաինական այս բախումներում որքանո՞վ է ադեկվատ միջազգային հանրության պահվածքը։ 

- Արևմուտքն անում է այն, ինչ կարծում է, որ հնարավոր է։ Այդ հնարավորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանը միջուկային տերություն է, Ռուսաստանի հետ առճակատման գնալու որևէ գործողություն կարող է շատ ավելի ծանր հետևանքների բերել: Ադեկվատությունը այդտեղից է գալիս։ Սպասել, որ Արևմուտքը կգնար ռազմական ճանապարհով դիմագրավելու և Ուկրաինա զորք մտցնելու, դա արդեն նշանակում է Ռուսաստանի հետ Արևմուտքի կոնկրետ ռազմական բախում, որն, ի վերջո, կարող է հանգեցնել միջուկային պատերազմի։ Բնականաբար, հարցը ուրիշ տեղ է։ Կան այլ ճանապարհներ, որոնք հնարավորություն են տալիս Արևմուտքին այս ընթացքում բոլորովին այլ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Աշխարհում շատ են դեպքերը, երբ մասնավոր ռազմականացված կառույցները ներգրավվում են նման ռազմական գործողություններում և նույնպես վճռորոշ դերակատարում են ունենում։ Բացի դրանից, զենքի և զինատեսակերի հետ կապված  խնդիրներ կան: Եւ այդ տեսակյունից պետք է հասկանանք՝ արդյո՞ք Արևմուտքն արել է այն ամենը, ինչը հնարավորություն կտար շատ ավելի լուրջ դիմադրություն կազմակերպել Ռուսաստանի հետ պայքարում։ Այդ հարցում պետք է հասկանանք,որ Արևմուտքում ևս կան շահեր, ըստ այդմ, երբեմն շահագրգռված չեն, որ Ռուսաստանը լիակատար պարտության մատնվի։ 

- Ի՞նչ շահերի մասին է խոսքը:

- Արևմուտքի և Ռուսաստանի հետ լարված իրավիճակում շատ աննկատ է մնում Իսրայելի դիրքորոշումը: Արդյո՞ք Իսրայելը այդ հանրության մի մաս է, թե՞ ոչ և ո՞րն է կոնկրետ իր դիրքորոշումն այդ հարցում։ Նույնը Թուրքիայի ներգրավման հետ կապված: Չէ՞ որ Ուկրաինայի հետ իրենք, ըստ էության, դաշնակիցներ էին ներկայանում, բայց մենք տեսնում ենք, որ ներկայումս Թուրքիան ընդամենը դեկլարատիվ հայտարություն է անում և վերջ։ Ի վերջո, պետք է հասկանանք, որ Սև ծովի երկայնքով ամենամեծ սահմանը, ըստ էության, Թուրքիան ունի, և սևծովյան տարածաշրջանն է բռնկված, իսկ Թուրքիան էլ ներկայանում էր Ուկրաինային բարեկամ-դաշնակիցը։ Չի կարելի ասել, որ Արևմուտքը միանշանակ այդպես շահային դաշտում է գտնվում, այդտեղ թաքնված շահեր և ծրագրեր կան, այդ տեսանկյունից պետք է նայել ու հասկանալ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում։

- Ըստ ձեզ՝ Արևմուտքը խաբե՞ց Ուկրաինային, թե՞ ոչ

- Քիչ աջակցություն չէ զենքը, զինատեսակը։ Աջակցություն արվել է այնքան, որքան իրենց շահերը կամ ներգրավումը տեսել է բավարար։ Հիմա էլ, եթե զգան այնպիսի բալանս է խախտվում, որը իրենց շահերից է, ավելի շատ կօգնեն, կամ պատժամիջոցների շրջանակը կմեծացնեն։ Այս բալանսի տեսանկյունից է պետք նայել, ոչ թե խաբել կամ չխաբելու կատեգորիաներից։

- Ուկրաինայի նախագահն ասում է, որ իրենք մենակ են մնացել, այդ մասով ի՞նչ կասեք։

- Այնպես, ինչպես Հայաստանն էր երկրորդ ղարաբաղյան պատերազմում մենակ մնացել, գոնե մեր աչքի առաջ է 1.5 տարի առաջ տեղի ունեցածը, որ մենակ էինք մնացել։ Ուկրաինան այդ տեսանկյունից մենակ է մնացել, որովհետև շատ ավելի հզոր ուժ, ավելի ռազմաքաղական մեքենայով լայնածավալ ռազմական գործողություններ է սկսվել իրենց դեմ։ Այն աջակցությունը, որ ցուցադրվել է Արևմուտքի կողմից, անբավարար է որպեսզի ագրեսիան կարողանան հեշտ դիմագրավել։ Դիմագրավողը ուկրաինական հանրությունն է, եթե իրենք գտնում են, որ պետք է պայքարեն, հարցը ուրիշ կերպ կլուծվի։ Հիմա ուկրաինական հանրությունից և ուկրաինական բանակից է շատ բան կախված։ Եթե իրենք իսկապես դիմագրավում են, Արևմուտքը շատ ավելի ներգրավածություն  և օժանդակություն կունենա այս պատերազմում։ Առաջին խոսքի իրավունքը, բնականաբար, Ուկրաինայինն է։ 

- Իսկ միայն տնտեսական պատժամիջոցները բավարա՞ր են Ռուսաստանի դեմ։

- Այն շահերը սպասարկելու համար, որոնք իրենք են գտնում, բնականաբար բավարար են համարում։ Պատժամիջոցների ավելացումը կապված է հանգամանքներից։ Սա քաղաքական կատեգորիաներով է պետք չափել, հասկանալ՝ աշխարհում բալանսը ոնց է կառուցվում, բալանսը որքան մեծ տեղ ունի աշխարհքաղաքական փոփոխություններում և ընդհանրապես պետությունների մրցակցության մեջ: Առանց դա հասկանալու հնարավոր չի իրավիճակ նկարագրել։ Այն պատժամիջոցները, որ նախկինում են եղել, եթե արևմուտքը կարծի՝  իրենց առջև դրված խնդիրները չեն լուծել, բնականաբար ադ ճնշումները մեծացնելու են։ Այնպես էլ չի, որ իրենք չեն հաշվարկում, որ այդ ազդեցության կամ պատժամիջոցների քանակի մեծացման առումով ինչ-որ նոր մարտահրավերներ կարող է հարուցել: Իրենք էլ ուզում են գործընթացը կառավարելի մնա և դրանով է պայմանավորված այն հանգամանքը, թե ինչ պատժամիջոցներ են կիրառում տվյալ պահին։


Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական