Եվրամիությունը աննախադեպ պատժամիջոցներ է ընդունել ՌԴ-ի դեմ՝ գործնականում ռուսական ավիաընկերություններին զրկելով եվրոպական ինքնաթիռներն օգտագործելու հնարավորությունից. գրում է Կոմերսանտը՝ հրապարակումը վերնագրելով «Կոտրում են ռուսական ավիացիայի թևերը»:
Արգելվել են ՌԴ նոր ինքնաթիռների մատակարարումները, ինչպես նաև բոլոր բորտերի տեխսպասարկումը և ապահովագրությունը: Բացի այդ, պահանջ է դրվել մեկ ամսվա ընթացքում վարձակալին վերադարձնել լիզինգային պայմանագրով հանձնված ինքնաթիռները:
Արդյունքում՝ ռուսական շուկան կարող է զրկվել քաղաքացիական ինքնաթիռների կեսից ավելին: Չի բացառվում, ՌԴ իշխանությունները ավիաընկերություններին արգելեն ինքնաթիռները վերադարձնել լիզինագավորներին, բայց նման քայլը խաչ կդնի հետագա ցանկացած փոխհարաբերության վրա:
Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի մոտ կայացած հանդիպմանը (այդ երկրում է գրանցված եվրոպական ինքնաթիռների մեծ մասը) հաստատվել է սահմանափակումների առավել խիստ փաթեթը. ամբողջական արգելքը տարածվում է ոչ միայն նոր, այլև հին պայմանագրերի վրա: Սա նշանակում է, որ Ռուսաստանից կհեռանան Airbus-ի ինքնաթիռները: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն համանման միջոցներ կձեռնարկի Boeing ինքնաթիռների նկատմամբ։