Միջազգային

«ԱՄՆ-ի զորքերը չեն միջամտի Ուկրաինայի ու Ռուսաստանի կոնֆլիկտին»․ Բայդեն

«ԱՄՆ-ի զորքերը չեն միջամտի Ուկրաինայի ու Ռուսաստանի կոնֆլիկտին»․ Բայդեն

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրի զորքերը չեն ներգրավվի ռուս-ուկրաինական հակամարտության մեջ։

«Չնայած մենք Ուկրաինային շուրջ 650 միլիոն դոլարի ռազմական աջակցություն ենք տրամադրել անցյալ տարի, սակայն, կրկնում եմ, մեր զինված ուժերը ներգրավված չեն և չեն ներգրավվելու կոնֆլիկտում։ Մեր ուժերը Եվրոպա են ուղարկվում ոչ թե Ուկրաինայում կռվելու, այլ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին պաշտպանելու համար։ Ինչպես ես հստակ հասկացրել եմ, ԱՄՆ-ն կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր դյույմը՝ ամերիկյան հզորության ողջ ուժով», - հայտարարել է Բայդենը։

Բայդենը նաև  ներկայացրել է, թե ինչ պատժամիջոցներ են պատրաստվում կիրառել Ռուսաստանի դեմ։ Բայդենը նշել է, որ դրանք լուրջ վնաս կհասցնեն Ռուսաստանի տնտեսությանը, որոնց մի մասի ազդեցությունը անմիջապես կզգացվի, մի մասինը՝ ժամանակի ընթացքում։ «Մենք նպատակաուղղված մշակել ենք այս պատժամիջոցները՝ դրանց ազդեցությունը Ռուսաստանի վրա առավելագույնս երկարաժամկետ դարձնելու և ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների համար նվազագույնի հասցնելու համար»։

Բայդենը նշել է, որ ԵՄ անդամ 27 երկրները, ինչպես նաև G7-ի երկրները միանում են պատժամիջոցներին։ Բայդենը հայտարարել է, որ սահմանափակելու են Ռուսաստանի՝ դոլարով, եվրոյով, ֆունտ ստեռլինգով և իենով  բիզնես վարելու ու համաշխարհային տնտեսության մաս լինելու հնարավորությունները։ Ռուսական բանակը զրկելու են ֆինանսավորվելու և զարգանալու հնարավորությունից։ Նախատեսվում է նվազեցնել նաև 21-րդ դարի բարձր տեխնոլոգիական տնտեսության պայմաններում Ռուսաստանի մրցակցային հնարավորությունները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական