ԱՄՆ-ն Իտալիայից 800 զինվորական կտեղափոխի Բալթյան երկրներ՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևն ուժեղացնելու համար։ Այդ մասին երեքշաբթի հայտարարել էր Պենտագոնը՝ տարածաշրջանում ռազմական ներկայության ավելացման մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո։ Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ Գերմանիայից ութ F-35 կործանիչ կտեղափոխվեն ՆԱՏՕ-ի արևելյան թևի մի շարք ռազմաբազաներ։ 20 AH-64 մարտական ուղղաթիռ Գերմանիայից կտեղափոխվի Բալթյան երկրներ, ևս 12-ը Հունաստանից կտեղափոխվեն Լեհաստան։
Ներկայումս Եվրոպայում՝ մշտական կամ ժամանակավոր հիմունքներով, ավելի քան 90․000 ամերիկացի զինծառայող կա: Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կշարունակի ռազմական ու ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային և կամրապնդի ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուժերը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը»։