2021թ․ երկրորդ կեսին Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ նախաձեռնեց ռուս-ուկրաինական սահմանին։ Արևմուտքի կողմից դա մեկնաբանվեց որպես Ուկրաինա ներխուժման փորձ, և Արևմուտքի՝ զորքերի հետքաշման պահանջին հակառակ՝ Ռուսաստանը հայտարարեց նոր զորավարժություններ սկսելու մասին։
Սրան զուգահեռ՝ Ռուսաստանը «անվտանգության երաշխիքների» փաթեթ առաջադրեց ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին՝ խոստանալով, որ այն անպատասխան թողնելու դեպքում իր սահմանների մոտ ռազմավարական հավասարակշռությունը վերականգնելու համար կդիմի համապատասխան քայլերի՝ ըստ իր հայեցողության:
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ։
- Պարոն Մելիքյան, Ռուսաստան-Արևմուտք եռափուլ բանակցությունների արդյունքում կողմերը դեռ հստակ համաձայնության չեն գալիս, խոսակցություններն անգամ սպառնալիքների մակարդակի են հասնում: Ըստ Ձեզ՝ Ռուսաստանը կգնա՞ փոխզիջումների, կողմերին կհաջողվի՞ անվտանգային խնդիրների լուծմանը հասնել բանակցությունների միջոցով:
- Հավանաբար կողմերը միջնաժամկետ հեռանկարում կկարողանան ձևավորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բանակցային օրակարգ, որի շրջանակներում Միացյալ Նահանգներն իրենց մերձավոր դաշնակիցների հետ միասին կհամաձայնեն քննարկել ռուսական մտահոգությունների մի մասը: Դրա համար, թերևս, ամիսներ կպահանջվի ու երկուսից երեք տարի էլ պետք կլինի օրակարգի հարցերից մի քանիսի վերաբերյալ նախնական համաձայնության գալու համար: Բայց, մինչ այդ, թեժ կպահվի հակամարտությունը Դոնբասում՝ այնտեղ ուկրաինական կողմին գուցե կհաջողվի որոշ տարածքներ առնել իր վերահսկողության տակ: Իրավիճակն այնպես է զարգանում, որ Ռուսաստանի միջազգային վարկն ու տնտեսական կայունությունն ուղղակիորեն փոխկապակցված են լինելու Դոնբասում ակնկալվող կորուստների հետ:
- Այժմ իրադրությունը լարված է Դոնբասում, թեպետ Ռուսաստանն իր պլանները հերքում է, այնուամենայնիվ, թվում է՝ ռազմական բախումն անխուսափելի է: Ինչի՞ է սպասում Ռուսաստանը և ի՞նչ ընթացք կստանա ռուս-ուկրաինական լարվածությունը:
- Ռուսաստանը ամեն գնով կաշխատի խուսափել Ուկրաինայի հետ ճակատային ռազմական բախումից: Հենց սա է պատճառը, որ լարվածության էպիկետրոն պետք է դառնա Դոնբասը, որին վերապահված է լինելու ռազմաքաղաքական շանթարգելի դերը: Հավանաբար հենց սա է պատճառը, որ, դեռևս ռազմական գործողությունները չսկսված, այնտեղից զանգվածաբար տարհանվում է խաղաղ բնակչությունը: Ի դեպ, լայնածավալ ռուս-ուկրաինական պատերազմ անհրաժեշտ չէ ոչ միայն ռուսներին, այլև ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային՝ պայթյունավտանգ այս հակամարտության առկայությունը գլոբալ մակարդակում տարատեսակ մանիպուլյացիաներ իրականացնելու համար լավ հնարավորություններ է պարունակում:
- Հաշվի առնելով Թուրքիայի ՆԱՏՕ անդամ լինելը, հետևաբար նաև Ադրբեջանի առկայությունը՝ ստեղծված իրավիճակը, հնարավոր գործընթացներն ի՞նչ ազդեցություն կունենան տարածաշրջանի վրա: Հնարավո՞ր է ռազմական գործողություններն ինտենսիվանան և վերածվեն լայնամասշտաբ պատերազմի:
- Եթե նկատի ունեք, որ գուցե Թուրքիան ու Ադրբեջանը միասին Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատը կբացեն հարավում, ապա ես դա քիչ հավանական եմ համարում գոնե առաջիկա մեկ տարվա հեռանկարում: Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ ունեն շատ որոշակի դերակատարում և այն ընդլայնվելու է, սակայն նրանց ծավալապաշտության առաջնային թիրախն առայժմ Ռուսաստանը չէ:
- Սիրիական պատերազմից սկսած՝ Ադրբեջանը ցույց տվեց, որ պատրաստվում է աշխարհում տիրող խառը վիճակից օգտվել և լուծել իր հարցերը։ Եթե այժմ Ռուսաստանի դիրքերը թուլանան, չի բացառվում, որ Ադրբեջանն Արցախում նորից սադրանքներ կիրականացնի: Որքանո՞վ է Հայաստանն ապահովագրված:
- Հայաստանը միայն մի դեպքում կարող է իրեն գոնե մասնակիորեն ապահովագրված զգալ՝ եթե ուժ գտնի սեփական ճակատագրի հետ կապված իրական հիմնախնդիրները վեր հանի, դասակարգի ըստ կարևորության և կենտրոնացնի ու արդյունավետորեն օգտագործի դրանց լուծման համար անհրաժեշտ քաղաքականան, դիվանագիտական, իրավական, ֆինանսական, ռազմական, մտավոր-մասնագիտական և տարաբնույթ այլ ռեսուրսները: Այդ աշխատանքն այժմ չի իրականացվում:
Ոսկեհատ Պողոսյան