Այն ժամանակ, երբ Ղազախստանի ներկայիս նախագահ Կասիմ Տոկաևը ղեկավարում էր Ղազախստանի ԱԳՆ-ն և Սենատի նախագահն էր, նրա ընտանիքը զգալի ակտիվներ է ձեռք բերել արտասահմանում, այդ թվում՝ շվեյցարական բանկային հաշիվ և ներդրումային ընկերություն, որը վերահսկվում էր օֆշորային ընկերությունների միջոցով: Տոկաևի ընտանիքը բնակարաններ է գնել Ժնևում և Մոսկվայում, հաշիվ՝ շվեյցարական բանկում, և օֆշորային ընկերություններ։ Այս մասին ասվում է «Վլաստ» հրապարակման և Կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնի (OCCRP) համատեղ նյութում։ Տեղեկությունը հայտնի է դարձել Credit Suisse-ի տվյալների լայնածավալ արտահոսքի շնորհիվ։
2011թ. փակվել է Տոկաևների հաշիվը Credit Suisse-ում, մեկ տարի անց ընտանիքն ստեղծել է երկու օֆշորային ընկերություն Բրիտանական Վիրջինյան կղզիներում։ Դրանք են՝ Տոկաեւի նախկին կնոջը պատկանող Wishing Well Group Inc.-ը և որդուն պատկանող Wisdom Invest & Finance Inc.-ն։ Այս ընկերություններն ունեին իրենց սեփական հաշիվները Շվեյցարիայում և վերահսկում էին Edelweiss Resources LLP-ն Մեծ Բրիտանիայում՝ մինչև 5 միլիոն դոլար ակտիվներով (2014թ․ դրությամբ): Այդ տարիներին Տոկաևը զբաղեցրել է ամենաբարձր պետական պաշտոններ, այդ թվում՝ արտգործնախարարի, վարչապետի, պառլամենտի խոսնակի։ Նրա ընտանիքը նաև երեք բնակարան է գնել Ժնևում և նրա արվարձանում: Նա և իր մայրը ունեն նաև մի քանի թանկարժեք բնակարան Մոսկվայում։