Միջազգային

Ուկրաինայի և Դոնեցկի ու Լուգանսկի սահմանին լարվածությունը շարունակվում է աճել

Ուկրաինայի և Դոնեցկի ու Լուգանսկի սահմանին լարվածությունը շարունակվում է աճել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 19-ին կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին և նույն օրն էլ կվերադառնա Կիև:

Ուկրաինայի նախագահականի հայտարարության մեջ ասվում է. «Բնականաբար, Մյունխենի անվտանգության համաժողովի քննարկումները նվիրված են լինելու Եվրոպայի արևելքում առկա սպառնալիքներին ու Ուկրաինայի շուրջ իրավիճակին: Այդ իսկ պատճառով մեր երկրի դիրքորոշումը պետք է ճիշտ ներկայացվի, որպեսզի Ուկրաինայի վերաբերյալ հարցերը լուծվեն Ուկրաինայի մասնակցությամբ»:

Մինչ այդ, Ուկրաինայի և Դոնեկցի ու Լուգանսկի սահմանին շարունակվում է աճել լարվածությունը:

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը համընդհանուր զորահավաք սկսելու մասին հրամանագիր է ստորագրել: Համընդհանուր զորահավաք է հայտարարվել նաև Լուգանսկում՝ ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի հրամանագրով: 

Ավելի վաղ սկսվել էր Դոնբասի բնակչության տարհանումը Ռուսաստանի Ռոստովի մարզ: Փերտվարի 19-ին տարհանումը շարունակվել է: Միաժամանակ, Ռոստովի մարզում հայտարարվել է արտակարգ իրավիճակ:

Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի մամուլի ծառայությունն իր «Տելեգրամյան» ալիքում հրապարակում է կատարել՝ տեղեկացնելով, թե Ուկրաինայի արևելքում իրադրությունն ամբողջությամբ վերահսկվում է ուկրաինական անվտանգության ու պաշտպանական ուժերի կողմից. «Դոնբասի շփման գծում, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Ուկրաինայի սահմանամերձ շրջաններում իրադրությունը վերլուծում են մեր երկրի հատուկ ծառայությունները: Աշխատանքային կարգով տեղի է ունենում հետախուզական տվյալների մշտական վերլուծություն և տեղեկատվության փոխանակում գործընկերների հետ: Ուկրաինան պարբերաբար հավելյալ հետախուզական արդիական տվյալներ է ստանում ռուսական ուժերի ակտիվության վերաբերյալ: Երկրի արևելքում իրադրությունն ամբողջությամբ վերահսկվում է Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանական ուժերի կողմից»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական