Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան փետրվարի 19-ից 23-ը կայցելի Գերմանիա, Բելգիա և ԱՄՆ: Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Ուկրաինայի ԱԳ նախարարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ և կքննարկի իր երկիրը «ռուսական ագրեսիայից» պաշտպանելու հարցը: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հավելենք, որ փետրվարի 19-ին ԱԳ նախարարը երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կմեկնի Գերմանիա, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին և բանակցություններ կվարի մի շարք երկրների գործընկերների հետ։
Փետրվարի 21-ին Բրյուսելում Կուլեբան հատուկ հյուրի կարգավիճակով կմասնակցի ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդին։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ նախարարը եվրոպացի գործընկերներին կտեղեկացնի ուկրաինական սահմանի մոտ և Կիևի կողմից չվերահսկվող Ուկրաինայի տարածքներում անվտանգության ներկա իրավիճակի մասին։ Նախատեսվում է նաև, որ Կուլեբան ելույթ կունենա փետրվարի 23-ին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: