Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ տեսակապով կայացած հանդիպմանը քննարկել են մի շարք տնտեսական հարցեր։
Հաղորդվում է, որ ռուսական 14 ընկերություն հայտ է ներկայացրել Ադրբեջանի կողմից 2020թ. պատերազմի ժամանակ գրաված տարածքներում գործունեություն ծավալելու համար։
Նշվել է, որ ռուսական ընկերությունների համար կան բարենպաստ պայմաններ՝ մասնակցելու Ադրբեջանի արդյունաբերական պարկերում իրականացվող նախագծերին։ Բացի այդ, կողմերը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ հատուկ ուշադրություն դարձնելով արդյունաբերությանը, էներգետիկային, տրանսպորտին, գյուղատնտեսությանն ու սննդի անվտանգությանը, ֆինանսաբանկային և միջտարածաշրջանային համագործակցությանը։
Էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցերում կողմերը նշել են նավթագազային և վերականգնվող էներգիայի ոլորտներում հետագա համագործակցության մեծ ներուժը։ Տրանսպորտի ոլորտում համագործակցությունը քննարկելիս հատուկ ուշադրություն է դարձվել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մշակմանը։ Կողմերը դիտարկել են նաև համագործակցության զարգացման հարցերը գյուղատնտեսության ու պարենային անվտանգության ոլորտում։