Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մերժումը բացատրել է երկրի շահերով։ Նրա խոսքերով՝ եթե իրենք միանան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, երկրի գինեգործները, արտահանողները, ֆերմերները լուրջ վնաս կկրեն, զբոսաշրջությունը կտուժի, ինչը «վնասում է ազգային շահերին»։ Ավելի վաղ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած ֆինանսատնտեսական պատժամիջոցներին։
«Երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներին, հազարավոր գինեգործներ, արտահանողներ, ֆերմերներ են ներգրավված այդ գործընթացում։ Ինձնից ի՞նչ է պահանջվում, որ ես իմ ժողովրդի դեմ սանկցիանե՞ր կիրառեմ։ Հետևաբար, այս ավելորդ էմոցիաները ոչինչ չեն տա, դա վնասում է մեր ազգային շահերին», - հայտարարել է Ղարիբաշվիլին՝ կառավարության նիստում։
Ղարիբաշվիլին նաև հայտարարել է, որ 2008թ. հակամարտությունից հետո Վրաստանի նախագահ Սահակաշվիլին ուղիներ էր փնտրում՝ Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները վերականգնելու և ռուսական շուկան բացելու համար, իսկ պատերազմից հետո Սահակաշվիլին գրեթե բոլոր ռազմավարական օբյեկտները վաճառեց ռուսական ընկերություններին։