Վերջին օրերին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իրար հաջորդեց մի քանի ուշագրավ իրադարձություն։ Դեռ հունվարի 20-ին «Ռիա նովոստին», հղում անելով Թուրքիայի ԱԳ նախարարությանը, տեղեկացրեց՝ Անկարան անհրաժեշտություն չի տեսնում Երևանի հետ բանակցություններ վարել երրորդ երկրում. «Հայաստանի հետ բանակցությունների հերթական փուլի օրը կորոշվի երկու կողմերի հատուկ ներկայացուցիչների կողմից։ Մենք ցանկանում ենք, որ բանակցություններն ընթանան Թուրքիայում և Հայաստանում»։
Սակայն երեկ պաշտոնապես հայտնի դարձավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման օրը, և որ այն կանցկացվի ոչ թե Երևանում կամ Անկարայում, ինչպես ակնարկել էին Թուրքիայի ԱԳ նախարարությունից, այլ՝ Վիեննայում։ Ավստիրայի մայրաքաղաքում Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը կհանդիպեն փետրվարի 24-ին։
Հատուկ բանագնացների՝ հենց Վիեննայում հանդիպում անցկացնելու փաստն ուշագրավ է մեկ այլ առումով. մինչ այդ մասին հայտարարվելը, երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում էր Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը։ Նա փետրվարի 2-3-ին հանդիպումներ ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումների ժամանակ, բնականաբար, նրանք անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերություններին։ ԵՎ, փաստորեն, Շալենբերգի այցի ավարտին հայտնի դարձավ Վիեննայում կայանալիք հանդիպման մասին։
Մեկ հետաքրքիր փաստ էլ. 2008թ. ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ միջնորդը Ավստրիայի հարևան Շվեյցարիան էր, որի մայրաքաղաքում էլ ստորագրվեցին ցյուրիխյան հայտնի արձանագրությունները։ Բայց այդ գործընթացն արձանագրությունների ստորագրումից այն կողմ չանցավ. 2015թ. Սերժ Սարգսյանն ԱԺ-ից ետ կանչեց ցյուրիխյան արձանագրությունները, իսկ արդեն 2018թ. մարտի 1-ին նա հայտարարեց այդ փաստաթղթերը չեղարկելու մասին։ Արդյո՞ք այս անգամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդի դերը փորձում է Ավստրիան իրականացնել, դժվար է միանշանակ ասել։ Առավել ևս, երբ փետրվարի 24-ին կայանալիք հանդիպումը երկրորդն է, և որևէ փաստաթուղթ նախատեսված չէ ստորագրել։
Մնում է միայն հուսալ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այս անգամ նախորդի նման անփառունակ վախճան չի ունենա։
Արման Գալոյան