Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների ենթադրյալ մատակարարումը, ամենայն հավանականությամբ, կմեծացնի Մոսկվայի կախվածությունը Թեհրանից։ Այդ մասին գրում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW):
Փորձագետներն ուսումնասիրել են Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության զեկույցները, որոնք պնդում են, որ Իրանը մտադիր է ավելի քան 200 մարտական անօդաչու թռչող սարք ուղարկել Ռուսաստան, ինչպես նաև վերլուծել են CNN-ի զրուցակիցների հայտարարությունները Թեհրանի՝ հազար բալիստիկ հրթիռ ուղարկելու պլանների մասին։
«Մոսկվան, ամենայն հավանականությամբ, բանակցել է իրանական սպառազինության համակարգերի լրացուցիչ մատակարարումների շուրջ՝ պատերազմի ընթացքում թևավոր հրթիռների և անօդաչու սարքերի ռուսական պաշարների սպառման պատճառով»,- ասում են ISW-ի վերլուծաբանները: