Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Այս մասին Զելենսկին հայտնել Է իր Twitter-յան միկրոբլոգում։
«Նաև հրատապ զրույց եմ ունեցել Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկել ենք մեր ՀՕՊ-ի հզորացումը, եվրոպական և միջազգային կոշտ արձագանքի անհրաժեշտությունը, ՌԴ-ի վրա ճնշման ուժեղացումը։ Ֆրանսիան Ուկրաինայի կողքին է»,- գրել է Զելենսկին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի ողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապ, արձանագրվում են էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ: Ֆրանսիայի նախագահը, իր հերթին, հաստատել է Ուկրաինային ռազմական աջակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին։