Ամերիկյան փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները շարունակում են անձնակազմի և աշխատուժի պակաս զգալ գրավյալ ուկրաինական տարածքներում։ Փորձագետները բացատրում են, որ հենց դրա հետ է կապված ռուսական հրամանատարության ձեռնարկած օպերատիվ դադարը։ «Այս փուլում ռուսական բանակի գլխավոր գերակայությունը Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքի համակարգված և մասշտաբային գնդակոծությունն է: Վիննիցային հրթիռային հարված հասցնելը այդ մարտավարության մի մասն է»,- ասված է պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի զեկույցում:
Կաթվածահար վիճակում շարունակվում են Ուկրաինայի օկուպացված հարավային շրջանների բնակիչներին ռուսական անձնագրեր բաժանելու փորձերը։ Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու հարցում թոշակառուներին խրախուսելու համար օկուպացիոն զորքերը Մելիտոպոլում կենսաթոշակային հիմնադրամ են բացել, որը կսպասարկի Զապորոժիեի մարզի մեծ մասը:
Խերսոնում սպասվում է քաղաքական ուժերի ժամանումը՝ մարզում ռուսամետ հանրաքվեի կազմակերպման համար: