«Լեհաստանը հույսը դնում է Եվրամիության վրա՝ ֆինանսական միջոցներ ստանալու հարցում, որպեսզի ապահովի բազմաթիվ ուկրաինացի փախստականներին, որոնց երկիրը ընդունել է ուկրաինական պատերազմից ի վեր։ Նախադեպ պետք է դառնա 2015 թվականի իրավիճակը, երբ Բրյուսելը միջոցներ տրամադրեց Թուրքիային՝ սիրիացի փախստականներին աջակցելու համար»․ այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում։
Վարչապետի խոսքերով՝ իր երկիրը «բացել է իր դռներն ու սրտերը» պատերազմից փախած 2,5 միլիոն ուկրաինացիների համար։ Բացի այդ, Լեհաստանն օգնում է վիրավոր ուկրաինացի զինվորներին, նշել է Մորավիեցկին։ «Դրա համար մեզ գումար է պետք»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Եվրամիությունը, սակայն, դեռ «ոչ մի ցենտ» չի հատկացրել Վարշավային՝ այդ նպատակների համար։ «Մենք ցանկանում ենք արդար վերաբերմունք: Փախստականների վերջին հոսքի ժամանակ Թուրքիային միլիարդավոր դոլարների աջակցություն են ցուցաբերել: Կարծում եմ, որ մենք նույնպես այժմ արժանի ենք ԵՄ-ի օգնությանը»,- ասել է Մորավեցկին: